«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել․ շարժումը շարունակում է իր գործողությունները՝ իր հիմնական պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ Գեղամ Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժումն» իր ծրագրերից չի հրաժարվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարվել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, և հարցին՝ այդ դեպքում շարժման պահանջներում կա՞ն փոփոխություններ։
«Նիկոլ Փաշինյանի մի գրառմամբ, որն ամեն րոպե կարող է ջնջվել, խմբագրվել, ինչպես շատ հաճախ է եղել, չի կարող ՀՀ-ում նման կարևոր քաղաքական գործընթաց լինել, ինչպիսին համապետական ընտրություններն են։ «Հայրենիքի փրկության շարժումն» ասել է այն հստակ քայլերն ու գործողությունները, որոնք իրականացնելու է»,-ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը, որ շարժման անդամներից «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Մանուկյանն արձագանքեց, որ դա չի նշանակում, թե շարժման օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել։