Բրիտանական կազմակերպությունը լրտեսությա՞մբ է զբաղվել Արցախում առաքելության քողի տակ
Բրիտանական «HALO Trust» կազմակերպությունը, որը Լեռնային Ղարաբաղում զբաղվում է ականների ու չպայթած զինամթերքի վերամշակմամբ, թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայություններին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։
«Հրապարակ» թերթի հետ զրույցում ասաց Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Այս կազմակերպությունը այս առաքելության, կեղծ առաքելության քողի տակ Ղարաբաղի տարածքում զբաղվել է հետախուզական աշխատանքներով։ Կազմել է ականադաշտերի քարտեզներն ու փոխանցել թուրքական կողմին», - նշեց Արթիկի փոխհամայնքապետը։
Ավագյանն ասաց, որ այս կազմակերպությունը շատ երկար ժամանակ է Արցախում գործունեություն ծավալել ու մինչ այսօր ինչ-որ աշխատանքներ է կատարում։ «Որպես հայ և որպես պաշտոնյա հայտարարում եմ, որպեսզի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը սկսեն այս հարցով զբաղվել։ Տեղեկությունները, որոնք ես ստացել եմ, իմ հավաստի աղբյուրներից են։ Այս կազմակերպության գործունեության հետևանքով ադրբեջանական ու թուրքական ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում շատ հանգիստ շրջանցել են բոլոր ականադաշտերը և առաջ շարժվել։ Եվ դա մեր պաշտպանողական դիրքերը շատ է թուլացրել։ Բոլորի մոտ հարց էր առաջանում, թե ինչպես են իրենք շատ հեշտ կարողացել շրջանցել և այդպես արագ առաջ գալ», - ընդգծեց նա։