Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբերյալ նոր հուշագիր են կնքել
Ստամբուլի տեխնոպարկը և Ադրբեջանի նորարարությունների հարցերով գործակալությունը համագործակցության հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին ասվում է Ստամբուլի տեխնոպարկի հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է ապագայում կողմերի համատեղ գործունեության իրականացում և բարձր տեխնոլոգիական պարկերի համատեղ ստեղծում:
Մասնավորապես, խոսքը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի վերածման, փորձի և գիտելիքների փոխանակման, երիտասարդ մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև ծրագրերի կազմակերպման մասին է`տարածաշրջանում տեխնոլոգիական գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար:
Ստամբուլի տեխնոպարկի գլխավոր տնօրեն Բիլալ Թոփչուն, որի մեկնաբանությունը բերված է հաղորդագրության մեջ, գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տեխնոպարկը կկարողանա աջակցել Ադրբեջանի նորարարական գործակալությանը Լեռնային Ղարաբաղի «նոր պատմությունը գրելու» հարցում:
Աղբյուր՝ Tert.am