Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է: