Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։
Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք որակապես բարձրակարգ են և երաշխավորված։
Գործարարն ընդգծեց, որ հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։
Նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ներդրումային ծրագրեր իրականացնել վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն