Նախագահը Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել գերիների վերադարձը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին: Նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր:
Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին:
Նախագահն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը: