Պարզվեց՝ մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Մանուկյան
Պարզվեց՝ մեր մեջքի հետևում նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված և դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ այնտեղից ազատ մեկնաբանել։ Իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից մենք տեղյակ չենք և մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պարզաբանելով, որ մեծ հանրահավաք կիրականացվի փետրվարի 20-ին, իսկ այսօր իրականացվող հավաքը պայմանավորված է հրատապ իրավիճակով։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեղարկմանը՝ Մանուկյանը նշեց, որ իրենք կողմնակից են եղել ընտրություններին, որոնք պետք է իրականացվեին Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։
«Ինքն ուզեց նախաձեռնություն ցուցաբերել, հայտարարեց, մենք առանձնապես մեծ բանի տեղ դա չդրեցինք, որովհետև պարզ չէր՝ դա խորամանկություն է, անելու է, չի անելու, ինքն էլ հետ նահանջեց իր այդ ասածից։ Դրանից մեր նախագծերը չփոխվեցին, մեր նախագիծը մնաց նույնը՝ համաժողովրդական շարժումով նրան փոխել»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ չեն լինելու, իսկ ժամանակավոր իշխանությունից հետո ինքը ընտրություններին չի մասնակցելու։
Իսկ թե արդյոք կմասնակցի 2023թ ընտրություններին՝ Մանուկյանը նշեց, որ 2023թ շատ հեռու է և Աստված գիտի՝ Հայաստանը կլինի մինչև 2023թ, թե ոչ։