«Դրածո հեռացիր». Լարված վիճակ Աբովյանի թիվ 1 դպրոցում. մեծ թվով ոստիկաններ հսկում են տնօրենի սենյակը. Տեսանյութ
Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին լարված իրավիճակ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Ուսուցիչները բոյկոտ են սկսել՝ նշելով, որ եթե տնօրենը մնա Առաքելյանը, ապա որևէ ուսուցիչ չի աշխատի նրա հետ: Ուսուցիչների բողոքին են միացել նաև աշակերտները՝ վանկարկելով նախկին տնօրենի անունը և պահանջելով, որ տնօրենի պաշտոնում որևէ փոփոխություն չլինի:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «հեռացիր», «դրածո հեռացիր»:
Այս պահին դպրոցում են նաև Ոստիկանության ծառայողները: Նրանք երկու կողմից փակել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքները եւ թույլ չեն տալիս աշակերտներին մոտենալ:
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «լայվի» ժամանակ նշեց, որ որքան էլ ոստիկանական ուժեր հավաքվեն դպրոցում, իրենց պահանջը չի փոխվելու:

