Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ կլինեն. Սաղաթելյանը հաստատում է
Հայրենիքի փրկության շարժումը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպումներ նախատեսվում են, սակայն ժամկետները դեռևս հստակեցվում են», – ասաց նա։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ առաջիկա օրերին ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ թերթի տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում, ու պայքարը պետք է այլ ձևաչափ տեղափոխել:
«Չեմ կարծում, որ քաղաքական քննարկումների արդյունքում «Հայրենիքի փրկության շարժումը» լուծարվի», – ասաց Սաղաթելյանը Sputnik Արմենիային։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: