«Արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան». Հայրենիքի փրկության շարժում
Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է. «Նիկոլ Փաշինյանն ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ:
Հակառակ պարագայում նա պարզապես տեղ չի հասնի:
Այսօր՝ վաղ առավոտյան, Փաշինյանի՝ օդանավակայան հասնելն ու դեպի Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ի համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի, «Ալֆա» ջոկատի և այլ կառույցների հազարավոր ներկայացուցիչների ուժերով:
Սա իսկապես աննախադեպ երևույթ է:
Ուժային կառույցների կողմից նախաձեռնած արտակարգ միջոցառումների հետևանքով արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան:
Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև:
Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե Մոսկվայում Փաշինյանն ստորագրի որևէ փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին, ապա նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները»: