Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը հաղթել է «Fujairan Open 2017»-ում
Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին:
87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Արսենի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է:
68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր:
G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ:
Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ):
Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ):
Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: