Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները. Իշխան Սաղաթելյանը ոստիկանությունից դուրս եկավ. Տեսանյութ
Արդեն ավանդույթ է դարձել, ամեն մի ելույթից հետո ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու, Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այս անգամ գործը վերաբերում էր ՀՔԾ-ին դիմած իմ ելույթին։ Որևէ պարզաբանում ու բացատրություն չեմ տվել, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժաշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, և այսպիսի մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
***
Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Լուսինե Սահակյանից։
Փաստաբանը նշեց, որ հայտնի չէ՝ ինչ քրեական գործով է Սաղաթելյանը հրավիրվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։
Ինքը՝ Իշխան Սաղաթելյանը դա համարել է ընդդիմությանը լռեցնելուն և շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ: