Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։
ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ նախարար Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: