ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր կարևոր առաքելության մեջ:
Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձել են հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:
Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: