Վազգեն Մանուկյանը ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկն էր. նրա անցած ճանապարհը խոսում է իր մասին. Արմեն Սարգսյան
Սիվիլնեթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է Վազգեն Մանուկյանի մասին հարցին․
– Ես չեմ այն մարդը, ով պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, երբ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույց կազմակերպած գնում էր դեպի հրապարակ՝ 1965 թվականին: Հետագայում Վազգեն Մանուկյանի և նրա ընկերների հետ շփվել եմ, երբ համալսարանում էի աշխատում և սովորում:
Վազգեն Մանուկյանը եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը, ես նրան շատ լավ հիշում եմ, երբ նա հարթակի վրա էր, իսկ ես՝ հրապարակում:
Վազգեն Մանուկյանը մեր անկախ երկրի առաջին վարչապետն է եղել, պաշտպանության նախարար: Նրա անցած ճանապարհը խոսում է իր մասին:
Նրա հետ ավելի մոտիկից շփվել եմ 2.5 տարի առաջ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ նա Հանրային խորհրդի նախագահն էր, և իմ հանդիպումները ցույց էին տալիս, որ գործ ունեի մի մարդու հետ, որը շատ սրտացավ է, եռանդուն, ունի իր հստակ պատկերացումներն ու շատ մեծ որակ՝ լսելու ունակություն: Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ, որ պետք է գնահատեմ։
Zham.am

