Եվրախորհրդարանը քվեարկել է Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցների օգտին
Եվրախորհրդարանականները հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև են ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ են անում կոշտ սահմանափակող միջոցներ ներդնել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա վարքագծի պատճառով։
«Եվրապատգամավորները Եվրախորհրդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան խիստ պատժամիջոցներ կիրառել», – ասվում է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 պատգամավոր:
Ըստ բանաձևի տեքստի՝ ԵՄ-ի և Անկարայի միջև հարաբերություններն առավելագույնս վատթարացել են Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի գործողությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին անմիջական աջակցություն ցուցաբերելու պատճառով:
Նշենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի 10-11-ին, ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում: