Երևան է ժամանում ֆրանսիական մարդասիրական օգնության 2-րդ ինքնաթիռը. Հայաստան է գալիս նաև Յուրի Ջորկաեֆը
Ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։
Այդ ինքնաթիռով գալու են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը:
Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ուղևորվել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար: