Գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հաշվեհարդարի հետ. Իվետա Տոնոյան
Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է, դրանում որևէ կասկած չկա։ Այստեղ գործ ունենք քաղաքական հետապնդման շարունակվող գործընթացի հետ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հաշվեհարդար տեսնելու գործընթացի հետ։ Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու։ Ես, իհարկե, գնահատում եմ իշխանությունների անձնազոհությունը, որ ամեն կերպ փորձում են կրծքով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը, բայց դա պարտության դատապարտված գործելաոճ է, որը միանշանակ ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականի պահանջելու համար օրենքով նախատեսված բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են։ Դրանք կլինեն թե՛ հանրահավաքներ, թե՛ անհնազանդության ակցիաներ, թե՛ խորհրդարանական գործիքակազմով սահմանված գործընթացներ.
«Այսօր իշխանությունները բավարար չափով ազնվություն և պարկեշտություն չունեցան՝ խոստովանելու, որ ռազմական դրությունը չչեղարկելու իրենց ցանկության հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիջապես հետո 48-72 ժամվա ընթացքում հանդես է գալու վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանության վախերի հիմքում ընկած է հենց այդ մտավախությունը։