ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
«Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, դատելով ամենից, պահպանվում է այս փուլում»,-ասել է նա:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ, ներգրավվել են 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: