ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կրկին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, քանի որ վստահ ենք, որ աշխարհի որևէ կետում չկա մի հայ, ով կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետին կշարունակի ընդունել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, հայտնում է Փաստինֆոն։
Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականը պահանջելու քայլերին, պատգամավորը նշեց, որ բացի հանրահավաքային գործիքակազմից օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդի նիստին չեն մասնակցում և քվորումի բացակայության պատճառով այդ օրակարգը չեն կարողանում խորհրդարան բերել. «Առաջինը ռազմական դրության չեղարկում, որն այլևս իրավաչափ չէ, երբ նոյեմբերի 10-ին խաղաղապահները մտել են Արցախ, այնուհետև վարչապետի հրաժարականի հարցը։ Պետք է տեղեկացնեմ, որ այսօր մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Շաքե Իսայանը։