Դաշնային խորհուրդը կքննարկի արտերկրում ՌԴ ԶՈՒ օգտագործման հարցը` կապված Ղարաբաղի հետ
Ռուսաստանի սահմաններից դուրս ՌԴ Զինված ուժերի օգտագործման հարցը, որն ընդգրկված է Դաշնային խորհրդի նիստի նախնական օրակարգում, կքննարկվի չորեքշաբթի օրը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վերին պալատի մի քանի աղբյուրների:
«Հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս ՌԴ Զինված ուժերը օգտագործելու հարցը ներառվել է նոյեմբերի 18-ին Դաշնային խորհրդի լիագումար նիստի օրակարգի նախագծում: Ակնկալվում է, որ այն կքննարկվի խորհրդի նիստի հենց սկզբում:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Մասնավորապես, այս փաստաթղթին համապատասխան, տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ:

