Ո՞նց կարող է երկրի գլխավոր հրամանատարը չիմանալ, թե որ օրն է Շուշին հանձնվել. Իվետա Տոնոյան
Ոչ մեկ իրավունք չունի հայ ժողովրդին անթասիբ կոչելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Հայ ժողովուրդն ունի թասիբ, ունի արժանապատվություն ու միշտ ունեցել է։ Այն վախկոտները, որոնք պատսպարվում են իրենց կանանց, երեխաների թիկունքում, տեղ չունեն մեր իշխանության ղեկին։ Ես այսօր ողբերգություն եմ ապրում, որ ՀՀ վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանը լայվի ժամանակ ասում է՝ ես չէի հիշում, չեմ հիշում, թե որ օրն էր Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո էր։ Ո՞նց կարող է երկրի գլխավոր հրամանատարը չիմանալ, թե որ օրն է Շուշին հանձնվել։ Այս պահին իշխանությունը գտնվում է ցնցումների մեջ, իր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, բայց մենք թույլ չենք տալու»,- ասաց Տոնոյանը։
Նա հայտնեց, որ այս պահին Հանրապետության մարզերից հազարավոր հայրենակիցներ ոտքով գալիս են Ազատության հրապարակ. «Մնալու են այստեղ մինչեւ այն պահը, երբ Արցախը հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա»։
Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ից կոչ է անում՝ լինել միասնական, համախմբված. «Որովհետեւ մենք թշնամուն հայրենիք չունենք տալու մենք կորցնելու հայրենիք չունենք»։
Աղբյուր՝ NEWS.am