ՌԴ-ն սպասում է Հայաստանի օդային տարածքում խոցված Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետաքննության արդյունքներին». Զախարովա
Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն օպերատիվ հետաքննությունից հետո։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։ Փոխանցում է Tert.am-ը:
«Մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք արագ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության վրա։ Երբ հետաքննությունն ավարտվի, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել և որն է եղել պատճառը»,- նշել է Զախարովան։
Նա նաև հավելել է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունն այդ թեմայով արձագանքն էր այն բանին, որ ադրբեջանակա կողմն ընդունել է իր մասնակցությունը միջադեպին։
«Մնացածը հետաքննության խնդիրն է», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։
Աղբյուր՝ Tert.am