Առավել քան անհրաժեշտ է ՌԴ-ի հետ օր առաջ վերականգնել լիարժեք հարաբերությունները. Իվետա Տոնոյան
Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում առավել քան անհրաժեշտ է օր առաջ Ռուսաստանի Դաշնության հետ վերականգնել լիարժեք հարաբերությունները։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը, հավելելով, որ Մոսկվայում ռուս քաղաքական գործիչների հետ հանդիպմանը ներկայացրել են այդ դիրքորոշումը։
«Սա եղել է մեր կուսակցության և կուսակցության նախագահի դիրքորոշումը։ Թե այլ քաղաքական ուժեր ինչ քննարկում են ծավալում՝ չեմ կարող ասել», - ասաց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասներ չհաղորդեց։ Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ռուսաստանի իշխող կուսակցության ղեկավար կազմի, նաև դումայում ներկայացված քաղաքական ուժերի, ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկման թեման՝ Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով՝ ԲՀԿ ական պատգամավորները հոկտեմբերի 29-ից Նոյեմբերի 3-ն ընկած հատվածում հրատապ այցով եղել են Մոսկվայում։
Աղբյուր` Փաստինֆո