«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի»։
Նա նաեւ պնդել է, թե սիրիացի վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին այլևս ապացուցված է, և Երեւանը կարող է այդ փաստերը ներկայացնել ցանկացած երկրի դեսպանի:
«Մենք գերեվարված զինյալներ ունենք Լիբիայից, Սիրիայից, որոնք ամեն բան պատմում են։ Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ՝ այդ ահաբեկիչների հետ շփվելու։ Ես, որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ կստանձնեմ նման հանդիպում կազմակերպելու հանձնառությունը»,—ասել է Ալեն Սիմոնյանը։
«Ղարաբաղի հարցը վաղուց արդեն տարածքային վեճ չէ նախկին խորհրդային երկու երկրների միջև, այն միջազգային հարց է, որն առնչվում է նաև Մոսկվայի շահերին տարածաշրջանում և աշխարհում», — նշեց ԱԺ փոխնախագահը։