Էգեյան ծովում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 6-ին Էգեյան ծովում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։16-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 8․32 կմ խորության վրա։
Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․4 բալ։
Երկրաշարժից 3 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում գտնվող հունական Սամոս կղզում՝ 3․6 մագնիտուդով։ Ցնցումները գրանցվել են ընդերքի 9․7 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին 6.6 մագնիտուդով խոշոր երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովին ափամերձ Իզմիր քաղաքում և հարակից շրջաններում։ Երկրաշարժի հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, զոհվել էր 114 և վիրավորվել՝ 1035 քաղաքացի։ Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել էին ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում։