Ոստիկանությունը շուրջօրյա պայքար է մղում Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ
Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։
Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները վերջին օրերին հայտնաբերել են 14 նման դեպք։
Ոստիկանության ծառայողները Արցախից վերադարձած անձանց բնակարաններում և մեքենաներում հայտնաբերել են ընդհանուր գործարանային համարով 11 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 հրացան, շուրջ մեկ տասնյակ նռնակ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի և հրազենների 800-ից ավելի փամփուշտ, զրահաբաճկոններ, գլխարկներ, սվին-դանակ և այլ զինամթերք։
Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու արատավոր երևույթի դեմ, ինչը դատապարտելի է նաև քրեաիրավական առումով։