Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կրկին կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում պաշտպանել քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ սեպտեմբերի վերջին հակամարտության սրման պահից կողմերին հորդորել է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու քաղաքացիներին և այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային վայրերը։
«Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գտնվող պարտականություններ են»,-նշել է Կոմիտեն:
Մեկ այլ գրառմամբ էլ կառույցը խստագույնս դատապարտել է հակամարտության գոտում բռնության վերջին ալիքը՝ նշելով, որ քաղաքային հատվածներում ինտենսիվ հրետակոծության հետևանքներով ավելանում են քաղաքացիական վնասները:
Աղբյուր՝ Tert.am