«Երևանն ու Բաքուն պարտավորվել են ԼՂ շուրջ վեճը խաղաղ լուծել». ԵԽ գլխավոր քարտուղար
Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջեւ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն ունեն: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ՄԳԻՄՕ), հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ հանձնառություն են ստանձնել մեր կազմակերպության առջև հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Եվ երկու երկրները պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա։ «Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է... Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է հույսը դնեն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նույն չափանիշների վրա, ինչ Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»։
Zham.am

