Ողջունում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին. Արցախի ԱԳ նախարար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի արձագանքը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը։
«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ:
Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»: