ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել․ Լավրով
Ռուսաստանը հուսով է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարվեն երկու կողմերն էլ: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է tass.ru-ն, փոխանցում է Tert.am-ը։
«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ (Մոսկվայում) տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել համաձայնության գալ, այն հրապարակվել է, տարածվել է ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարվեն երկու կողմերի կողմից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», - ասել է Լավրովը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձգել, հայտարարել է Լավրովը:
ՌԴ նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

