Հայաստանում թուրքական արտադրության հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ․ պահեստավորված ապրանքը չի վաճառվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել:
Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաև ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը:
«Ժողովուրդ» օրաթերթը առևտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին և զգուշացնում, որ հագուստի և կոշիկի գներն իջեցրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը: Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել:
Օրինակ՝ Երևանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

