Համերաշխությունն է, որ կարող է հաղթանակ ապահովել մեզ. Սամվել Կարապետյան
NEWS.am-ը գրում է․ «NEWS.am-ի հարցերին պատասխանել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։
Պարոն Կարապետյան, պատերազմի առաջին օրերից լուրեր են շրջանառվում Արցախին ցուցաբերած Ձեր բազմակողմանի և մեծ աջակցության մասին։ Կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Արցախում հայրենական պատերազմ է, ու յուրաքանչյուրիս պարտքն է իր ուժերի և հնարավորությունների սահմաններում զորավիգ լինել հերոսաբար մարտնչող մեր զինվորին։ Չէի ուզենա մտնել արված և արվելիք գործի մանրամասների մեջ։
Այսօր կամ վաղը Վերաքննիչ դատարանում լսվելու է կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Հետևելո՞ւ եք գործընթացին։
Այո, մեծ ուշադրությամբ հետևելու եմ։ Այսօր մեզ ավելի, քան երբևէ, համերաշխություն է անհրաժեշտ։ Համերաշխությունն է, որ կարող է հաղթանակ ապահովել մեզ ոչ միայն ռազմի դաշտում, այլև բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը և նրա՝ ազատության մեջ հայտնվելը այս առումով կարող է լուրջ ազդակ լինել հայ հասարակության համար»: