ՀՀ ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Իսրայելում. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. Տեսանյութ
«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, մեզ համար անընդունելի է այս գործելաոճը: Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

