Պուտինը ԱՄՆ հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի ավիահարձակումը Սիրիայում օբյեկտների վրա համարում է ագրեսիա, որը լուրջ հարված է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախագահ Պուտինը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ընդ որում՝ մտացածին պատրվակով», - ասաց նա:
Պեսկովը նաև նշեց, որ «սիրիական բանակը չի տիրապետում քիմիական զենքի»:
«Սիրիայի զինուժում առկա քիմիական զենքի ամբողջական ոչնչացման փաստը ֆիքսվել և հաստատվել է ՄԱԿ-ի հատուկ ստորաբաժանման՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից», - ավելի վաղ նշել էր նա:
Zham.am