Էմմա Պողոսովայի մարզական ձեռքբերումը լավագույնն է անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ
Պլովդիվում մարտի 29-ից ապրիլի 9-ը ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը, ինչը անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:
Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք է ստացել պայքարը շարունակելու հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մեր մարզիկը հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն հաջորդ՝ ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն՝ բավարարվել է 5-րդ տեղով:
Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաև էմմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում:
Նշենք, որ խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու է վաղը՝ ապրիլի 7-ին: