Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը երկուշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նման հայտարարություն նա արել է Պրահայում կայացած ճեպազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Լուրջ մտորումներից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնիցս»,- լրագրողներին ասել է արդեն նախկին նախարար Վոյտեխը։
Վոյտեխը աշխատանքից հեռանալու մասին դիմումն արդեն ներկայացրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին: Հեռացող քաղաքական գործիչն ակնկալում է, որ իր իրավահաջորդն ավելի լավ կկարողանա հաղթահարել հանրապետությունում վատթարացող համաճարակաբանական իրավիճակը:
Կորոնավիրուսային վարակը Չեխիայում արագորեն տարածվում է սեպտեմբերի 1-ից: Սեպտեմբերի 17-ին առաջին անգամ վարակվածների թվի օրական աճը գերազանցել է 3 հազարը և կազմել 3,129: Մասնագետները կանխատեսում են հիվանդության դեպքերի հետագա աճ: Համաճարակային ամենաբարդ իրավիճակը այս պահին Պրահայում է: