Արցախի և Հայաստանի միջև փոխօգնության համաձայնագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցին. Սերժ Սարգսյան. Տեսանյութ
Առաջարկում եմ՝ այսօր չխոսենք Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին, ես խոստացել եմ հանձնաժողովում, որ եթե անգամ նրանք ինձ տրամադրեն բոլոր հարցերի իմ պատասխանները, ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք, որևէ հարց: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հանձնաժողովի գործունեությանը:
«Ես խոստանում եմ մինչև 2050 թվականը, եթե ծայրահեղություն չլինի, չեմ հրապարակելու: Քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է Ազգային ժողովում, դրանից հետո առիթ ենք ունենալու հանդիպելու՝ կա´մ համաձայնենք, կա´մ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ»,- ասաց նա:
Հարցին էլ՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում հանձնարարական է տվել՝ մշակել Արցախի և Հայաստանի միջև ռազմավարական փոխօգնության նախագիծ, ի՞նչ փուլում է այն փոխանցվել նոր իշխանություններին, ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը, երրորդ նախագահը պատասխանեց. «Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կամ տեղեկատվական, կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որ մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում