Հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵ որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵ որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08.15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին