ԵԼՔ-ը ահազանգում է՝ բազմաթիվ ընտրողների բաժանվել են ծածկագրեր՝ քվեածրարում դնելու համար
ԵԼՔ դաշինքն ահազանգում է՝ հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ՝ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց:
«Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ: ԵԼՔ դաշինքի վստահված անձինք հետևողական են լինելու այս երևույթի նկատմամբ և արձանագրելու են յուրաքանչյուր վերոհիշյալ դեպք: Սույն երևույթը գնահատվելու է որպես ընտրողի ազատ կամաարտահայտման իրավունքի ոտնահարում և համատարած բնույթ կրելու դեպքում՝ ԵԼՔ դաշինքը ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ անվավեր ճանաչելու համար տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները»,- նշված է ԵԼՔ-ի հաղորդագրությունում:
Այսօր ծրագրվող ընտրախախտումների մասին ահազանգել էր նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը:
Աղբյուր՝ «ՍիվիլՆեթ»

