Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է. Աննա Նաղդալյանը՝ Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի հայտարարության մասին
Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ, ինչի շուրջ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանից:
Հարցին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում այդ հայտարարությունը, Աննա Նաղդալյանն ասաց. «Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից հեղինակած և Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից տարածված հաղորդագրությանը»:
Աննա Նաղդալյանի խոսքով՝ ափսոսանքի է արժանի, որ Չմիավորված երկրների շարժումը թույլ է տալիս իր նախագահությանը պատանդառել այդ ֆորումի անունը և սկզբունքները՝ տարածաշրջանային ապակայունացման իր սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով. «Մեզ համար վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է»: