Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին՝ քննարկելու աշխատելու այլ վայրեր. տեսանյութ
8:35
Առևտրականների մի մասը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։ Ոմանք էլ նշեցին, որ այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։ Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, կա մեկ բերման ենթարկված քաղաքացի։
08:21
Շուկայում առևտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15֊ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երևանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։
«Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրջոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առևտրականներից մեկը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին։
Ակցիա իրականացնողները նշեցին՝ գուցե քաղաքապետ Հայկ Մարությանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն և առևտուր իրականացնելու տարածք կգտնեն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանց երկու տարածք է առաջարկվել։ Ակցիային զուգահեռ ոստիկանությունը հորդորում է սոցիալական հեռավորություն պահել, պատշաճ կարգով դնել դիմակները։
07:54
Ոստիկանները հեռացնում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։

