Միասին կանխենք կրկնաքվեարկությունները (տեսանյութ)
Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միգուցե ոմանք փորձեն քվեարկել Հայաստանից բացակայողների կամ այլ անձանց փոխարեն:
Նախկինում տարածված այս հանցագործությունը այժմ շատ հեշտ է լինելու բացահայտել, քանի որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։ Այդ ցուցակներում երևալու է, թե ով է քվեարկել, իսկ ով՝ ոչ:
Եվ եթե Հայաստանում չգտնվող քաղաքացու անվան դիմաց լինի ստորագրություն, ապա շատ հեշտ կլինի պարզել, թե ով է այդ քաղաքացու փոխարեն քվեարկել՝ հանցագործին կանչելով քրեական պատասխանատվության:
Սակայն, դիտորդները չգիտեն, թե ով է երկրում, իսկ ով ոչ: Հետևապես, կրկնաքվեարկության կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը:
Պետք է որ բոլորը ընտրություններից հետո ԿԸՀ-ի կայքում ստուգեն իրենց Հայաստանից բացակայող բարեկամների, հարևանների ու ծանոթների անվան դիմաց ստորագրության բացակայությունը։ ԿԸՀ-ի կայքում ցուցակները կհրապարակվեն ապրիլի 4-ի առավոտյան: Բացակայող քաղաքացու անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Անկախ Դիտորդին» հասարակական նախաձեռնությանը` 08000-12-11 հեռախոսահամարով:
Քաղաքացիները կարող են վարվել նաև այլ կերպ՝ երկրից բացակայողների տվյալները նախապես գրանցելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հատուկ կայքում: Ընտրություններից հետո մասնագետները կհամադրեն տվյալները և շատ արագ կպարզեն, թե արդյո՞ք բացակայողների փոխարեն քվեարկված է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ»-ի կայքում կարելի է բացակայող անձանց տվյալները գրանցել նախապես՝ թեկուզ հենց հիմա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»