Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում:
Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում: