Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննարկեն «Շենգավիթ» նստավայրի դատավորները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս պահին դեռևս գտնվում է ԱԱԾ-ում՝ հարցաքննության։ Ըստ ամենայնի՝ նրան այս պահին մեղադրանք է առաջադրվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ն կողմ է քվեարկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, ինչը նշանակում է, որ ԱԱԾ քննիչը կարող է նրան մեղադրանք առաջադրել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։ Հատկանշական է, որ մինչև հունիսի 21-ը հերթապահություն են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրի դատավորները։
Այստեղ կան ինչպես բարձր վարկանիշ ունեցող դատավորներ՝ ինչպես Դավիթ Բալայանը, այնպես էլ՝ Արտուշ Գաբրիելյանը, Աննա Դանիբեկյանը։ Փորձագետները գտնում են, որ հաճախ վարույթն իրականացնող մարմինը քաղաքական նման նշանակություն ունեցող գործերով նախընտրում են կալանավորելու մասին միջնորդությունները ներկայացնել, երբ հերթապահության են լինում հենց «Շենգավիթ» նստավայրի դատավորները, քանզի նման միջնորդությունները մակագրվում են մեծամասամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանին։