Անբարոյականի տղա լինեմ, եթե... Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին նրա տանը ԱԱԾ խուզարկությունից հետո՝ ուղիղ
Այս պահին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
***
Իրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվում է խուզարկություն, հնարավոր են ձերբակալություններ:
***
hraparak.am-ը տեղեկացանում է, որ Ծառուկյանի տան խուզարկության սանկցիայի համար ԱԱԾ-ն դատարան է մտել այս գիշեր՝ ժամը 2-ից հետո։ Ամեն ինչ արել են, որ օպերացիան գաղտնի լինի՝ անգամ ԱԱԾ օպերատիվ աշխատողները տեղեկացված չեն եղել, թե մութուլուսին ուր են գնում՝ գործողություն կատարելու։ Բայց առիթը, որով իրականացվել է խուզարկությունը, առնվազն 5 ամսվա վաղեմության է։ Ուղղակի այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չկային եւ այն օգտագործելու անհրաժեշտությունն էլ չկար։ Այժմ «առիթի» մասին։
Բանն այն է, որ Վահագն Վերմիշյանի, ապա Վազգեն Պողոսյանի ձերբակալությունից հետո նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ Պողոսյանի բնակարանից 5 ամիս առաջ հայտնաբերվել է առանց որեւէ կնիքի ու ստորագրության մի թուղթ, որից երեւում է, որ 2017 թվականին Մարտունու տարածաշրջանից, ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Վազգեն Պողոսյանը ինչ որ գումարներ է ստացել Սեդրակ Առուստամյանից։ Խոսքը հավանաբար նախընտրական քարոզչության ծախսերի մասին է։ Սակայն քանի որ թուղթն իրավական արժեք չի ունեցել, ընդամենը զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, բայց ներկայացրել են, որ դրանով մեղադրանք հնարավոր չի լինի առաջադրել։ Եւ քանի որ Փաշինյանը փետրվարին խնդիրներ չուներ Ծառուկյանի հետ, ասել է՝ անտեսեք։ Հիմա՝ 5 ամիս անց հիշել են այդ թղթի մասին եւ որոշել են դրա հետքերով գնալ Առինջ՝ Ծառուկյանի տանը խուզարկություն անելու։
Անշուշտ, սրանով հնարավոր չի լինելու գործ հարուցել կամ մեղադրանք առաջադրել, բայց շոու սարքել, որի իմաստը վախեցնելն է, միանգամայն հնարավոր է։ Ինչը եւ անում են։
***
Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ իր առանձնատան մոտ հավաքված աջակիցների մոտ և հայտարարեց․ «Այսօրվա այս պահը սարքած է։ Այո՛, քաղաքական է։ Ուզում են ճնշում գործադրել, շատ տհաճ վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ։ Ինչ ուզում է սարքեն-չսարքեն, չոռը մարդուն չի կպնելու։ Պատրաստ եմ ամեն ինչի։ Հիմա ես գնում եմ հարցաքննության»։

