2019-ին արտաքին քաղաքականության առաջնահերթությունը շարունակել է մնալ ղարաբաղյան անվտանգության ապահովման հարցը. ՀՀ ԱԳՆ
2019 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը եվ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հաղորդում է NEWS.am-ը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր կառուցողական դիրքորոշումն այս հարցում՝ ի դեմս կառավարության, վարչապետի, Ազգային ժողովի եւ արտաքին գործերի նախարարի: «Անցած տարվա ընթացքում երկու համաձայնագիր է ձեռք բերվել, որոնք ուղղված են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն եւ խաղաղության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, որոնց շրջանակներում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի լրագրողների փոխադարձ փոխանակում է իրականացվել»,- հավելեց արտգործնախարարը: