Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի առաջին նախարարը
Կորոնավիրուսից 68 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է Լոպուխինի ընկեր, գրող Դենիս Դրագունսկին:
«Այսօր կորոնավիրուսային վարակի հետևանքով կյանքի 69-րդ տարում մահացել է իմ հին և հավատարիմ ընկեր Վլադիմիր Միխայիլի Լոպուխինը, մարդ, որին ես շատ բանով եմ պարտական իմ հոգևոր և մտավոր կենսագրության համար»,-գրել է Դրագունսկին:
1991-1992 թվականներին Վլադիմիր Լոպուխինը Ռուսաստանի վառելիքի և էներգետիկայի նախարարն է եղել ՌԴ նախագահ Բորիս Ելցինի օրոք առաջին կառավարության կազմում: Հրաժարականից հետո նա առաջատար պաշտոններ է զբաղեցրել բանկերում և առևտրային ընկերություններում:
Ռուսաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 362 342 և մահվան 3807 դեպք:

