Զոհրաբ Մնացականյանը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի հարցը
Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանը:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման եւ նրանց առջեւ ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Այդ համատեքստում կարեւորվեց նաեւ միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի: