Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին
Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը:
Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի:
Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ:
Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը հավաքականին միացել են երեկ երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին հավաքատեղի կժամանեն այսօր, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:
Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին` ժամը 20:00-ին` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս E խմբում, որտեղ մրցակիցներն են Լեհաստանը, Մոնտենեգրոն, Դանիան, Ռումինիան եւ Ղազախստանը:
Մեր ընտրանին 4 խաղից հետո 3 միավորով նախավերջին տեղում է: